Կուսակցությունները, որպես կանոն, աշխատում են ընտրությունների ժամանակ այնպիսի քվեներ ստանալ, որպեսզի կարողանան ինքնուրույն ձևավորել կառավարություն: Այդ դեպքում նրանք անկաշկանդ են լինում և կարողանում են իրականացել այն ծրագրերը, որ ունեն, կատարել նախընտրական խոստումները: Կոալիցիան մի տեսակ կաշկանդում է, որովհետև ստիպված ես լինում ինչ-որ ծրագրերից ու սկզբունքներից հրաժարվել: Համենայնդեպս, դա է հուշում համաշխարհային պրակտիկան:
Հայաստանը դուրս է նաև այս օրինաչափությունից: ՀՀԿ-ն նոր խորհրդարանում ունի կայուն մեծամասնություն, սակայն մտադիր է կոալիցիա ձևավորել ՀՅԴ-ի հետ: Սա դուրս է քաղաքական տրամաբանությունից և նոր կոալիցիային մի տեսակ «բարեգործական» բնույթ է հաղորդում:
Սակայն Հայաստանում կոալիցիաները ձևավորվում են ոչ թե ծրագրերի առանցքով, այլ համակարգային կանոնների տրամաբանությամբ, երբ ռեսուրսները վերաբաշխելու խնդիր կա: Կառավարման որակի հարցը երկրորդվում է համակարգի կայունության անհրաժեշտությանը:
Խորհրդարանական ընտրությունները չտվեցին հիմնական հարցի պատասխանը, թե ինչ իշխանություն ենք ունենալու 2018-ից հետո: Բնույթով ավտորիտար իշխանությունն այս հարցի պատասխանը վերապահում է իրեն` ժողովրդին և ընտրություններն օգտագործով որպես ֆասադ: Ասել կուզի, որ իշխանության համար պայքարն ընտրություններով ոչ թե ավարտվել, այլ մեկնարկել է:
Եթե վարչապետ Կարեն Կարապետյանը քաղաքական հավակնություններ ունի և ցանկանում է իշխանության ղեկին հայտնվել 2018թ-ից հետո, նրան կոալիցիան բացարձակապես պետք չէ, մանավանդ, որ քարոզարշավի հրապարակային դեմքը հենց վարչապետն է եղել ու, բնականաբար, չի ուզենա հաղթանակի դափնիները կիսել մի ուժի հետ, որը վերջին տեղում է խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Կարապետյանը դեռ իր վարչապետության արշալույսին է անհամաձայնություն հայտնել կառավարման կոալիցիոն եղանակին: Բոլորս ենք հիշում նրա հրապարակային դիտողությունները դաշնակցական Արծվիկ Մինասյանին:
Բայց իշխանության խնդրի հանգուցուծման հարցում ավելի մեծ դերակատարություն ունի Սերժ Սարգսյանը, ու քանի դեռ նա չի որոշել իր անելիքները 2018-ի ապրիլից հետո կամ չի հրապարակայնացրել իր ծրագրերը, նա ստեղծելու է գործիքներ` գործող վարչապետի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով: Կոալիցիոն կառավարությունն այդ գործիքներից մեկն է: Ի վերջո, ՀՅԴ-ն պայմանավորվում է ոչ թե Կարեն Կարապետյանի, այլ` հենց Սերժ Սարգսյանի հետ:
Այլ խոսքով` ՀՅԴ-ն Սերժ Սարգսյանի «ականն» է, որը, ըստ անհրաժեշտության, դրվում է Կարեն Կարապետյանի կառավարության տակ: Սակայն «ականները» սրանով չեն սահմանափակվում: Այդ դերը, բացահայտ կամ քողարկված, կարող են կատարել նաև ՀՀԿ-ի ռեյտինգայիններն ու «ընդդիմադիր» «Ծառուկյան» դաշինքը:
Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ